AM RU EN

2023թ. հուլիս ամսվա կլիմայական բնութագիր


Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։  
Հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում տատանվում է +25...+27°С, Տավուշում' +18...+22°С, Լոռիում' +16...+18°С, լեռնային շրջաններում +15...+20°С սահմաններում:
Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ-ի հուլիսի 31-ին  գրանցվել է Մեղրիում` +43.7°С, 2017թ-ի հուլիսի 29-ին Արարատում +42.6°С, Երևանում +42.0°С: Լեռնային շրջաններում հուլիսը համեմատաբար զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32...+35°С:Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է  +39...+41°С սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34...+35°С:Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ։
Խոնավ հուլիսներ են դիտվել 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ, երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել  1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:
Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 20%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 5%:
Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում  այն կազմում է  14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը`  հասնելով իր առավելագույն արժեքին: 
Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը հանրապետության  տարածքում միջինը կազմում է  49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում` 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են  տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում` 10-12 օր:
Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին։ Արարատյան դաշտում և Երևանում  Քամու առավելագույն արագությունը կարող է հասնել 20-22մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ` չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը: 
Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։ 2016թ-ի հուլիսի 10-ին Արմավիրի  մարզում մոտ 30 րոպե տևողությամբ դիտվել է ուժգին կարկտահարություն, որը համարվում է ամենաինտենսիվը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։ Կարկտահատիկի տրամագիծը ասել է 4-5սմ-ի, կոտրելով տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, ահռելի վնաս հասցրել պտղատուներին և բանջարաբոստանային կուլտուրաներին։

 

 

Եղանակի կանխատեսում 2023թ. հուլիս ամսվա համար

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից ավել։