AM RU EN

2023թ. մարտ ամսվա կլիմայական բնութագիրը


Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°:
Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1...-4°, Լոռիում (Տաշիրում` -3°), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0...+2°, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+8°: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:
Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28...-34°, նախալեռներում` -24...-30°, հովտային շրջաններում` -13...-17°, Արարատյան դաշտում` -17...-25°:
Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19...22°, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...27°, Սյունիքի հովիտներում` 25...30°:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1° է, առաջին տասնօրյակում` 3,0°, երկրորդ տասնօրյակում` 5.0° և երրորդ տասնօրյակում` 7,2°: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°, բարձրադիր մասերում` -16.4°, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27° և 2001թ.` 24.8° :
Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:
Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում լկազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3°...+5°:
Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:
Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է:

Եղանակի կանխատեսում 2023թ. մարտ ամսվա համար

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ