AM RU EN

Աղբավայրերի ուսումնասիրություն 2020թ․

Ի աջակցություն թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծման, աղբավայրերի ներկա վիճակի ուսումնասիրման, ինչպես նաև այնտեղ կուտակվող աղբի ծավալների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու նպատակով կատարվել են հետազոտություններ.

Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան, Կարբի և Շենավան համայնքներում, Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր համայնքներում, Կոտայքի մարզի Գառնի համայնքում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ջրվեժ, Մարտունի, Սևան և Վարդենիս համայնքներում:

Գյումրի քաղաք

Գյումրիի քաղաքային աղբավայրը գտնվում է քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք: Աղբավայրի հեռավորությունը քաղաքի  ծայրամասից 2 կմ է, իսկ կենտրոնից՝ 7-10կմ։ Քաղաքից աղբը տեղափոխում են հիմնականում բաց ապրանքատար մեքենաներով։   Աղբավայրը գտնվում է 12  հեկտար հարթակային տարածության վրա, որից հետո տեղանքի ռելիեֆը կտրուկ իջնում է 150-200մ  դեպի գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներ։
Գյումրիի աղբավայրի հարակից տարածքների հողերի ուսումնասիրության նպատակով վերցվել են փորձանմուշներ աղբավայրի պարագծով (24 հատ) և դեպի քաղաք տանող ճանապարհի եզրերից (2 հատ): Հետազոտված աղբավայրի հողի նմուշներում հայտնաբերված են ՀՔՑՀ իզոմերների կոնցենտրացիաները։ Գյումրիի քաղաքային աղբավայրի դիտակետերի 92%-ում ՀՔՑՀ գումարային կոնցենտրացիան գերազանցում է նորմատիվային արժեքները  1.5-21  անգամ։  Նորմատիվային արժեքների գերազանցումը նկատվում է 6 կետից վերցրած նմուշներում՝ 2.3–13.5 անգամ։ ԴԴՏ-ի իզոմերների և մետաբոլիտների գումարային կոնցենտրացիան հայտնաբերվող Գյումրիի աղբավայրում, տարբերվում է այլ աղբավայրերի նման արդյունքներից, որտեղ երբեմն հայտնաբերվում էին ավելի բարձր կոնցենտրացիաներ գերազանցող նույնիսկ նորմատիվային արժեքներ մինչև 10 անգամ։ Գյումրիի քաղաքային աղբավայրի հողերում հայտնաբերված են ալդրինի, դիլդրինի, էնդրինի բարձր կոնցենտրացիաներ, որոնք 37-151 անգամ գերազանցում են հաստատված նորմերը։ 
Պեստիցիդային բնույթի ԿՕԱ-ների խնդիրները, թեպետ հանդիսանում են  արդիական, սակայն վտանգավորության աստիճանով զիջում են  պոլիքլորացված բիֆենիլներին (ՊՔԲ)։  
Ոչդիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում նշանակալից գերակշռում են դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները։ Եթե դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում շատ դեպքերում չեն գերազանցում նորմատիվային գումարային արժեքը, ապա ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում բոլոր դեպքերում գերազանցում են նորմերը՝ 4.4-264.4 անգամ։ Ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների կոնցենտրացիաները հողի նմուշներում անհամեմատ գերազանցում են դիօքսինանման ՊՔԲ-ների կոնցենտրացիաները։ 
Որոշ ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների առկայությունը նմուշներում հանդիպում է շատ բարձր հավանականությամբ՝ 77-100%։  Որոշ դիօքսինանման ՊՔԲ-ները հողի նմուշներում  նույնպես հայտնաբերվում են բարձր հավանականությամբ (38.5-81%)։ ՊՔԲ-ների  գումարային նորմատիվը հողում բավականին ցածր է (60մկգ/կգ), իսկ հայտնաբերված գումարային կոնցենտրացիաները աղբավայրերի հողի նմուշներում բավականին բարձր։ Ուսումնասիրված  աղբավայրի հողի որոշ նմուշներում ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները գերազանցում են  նորմատիվային արժեքը, այն էլ մինչև 282 անգամ։ 
ԿՕԱ-ների գումարային կոնցենտրացիաների հայտնաբերումը հիմք են ծառայում անվանելու աղբավայրերը «ԿՕԱ-ների հնարավոր տարածման աղբյուր»։ Անցկացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա կարելի է  եզրակացնել՝

  • Գյումրիի քաղաքի աղբավայրը հանդիսանում է ԿՕԱ-ների կուտակման և տարածման ակտիվ աղբյուր,
  • Աղբավայրի հողի նմուշներում դիտվում են նորմատիվներից գերազանցող աղտոտիչների կոնցենտրացիաներ, եթե պեստիցիդային բնույթի նյութերի համար աղտոտվածությունը կազմում է 28.38% ընդհանուր աղտոտվածությունից, ապա ՊՔԲ –ների դեպքում այդ թիվը 71.62%,
  • Պեստիցիդային բնույթի ԿՕԱ-ների պրոբլեմները, թեպետ հանդիսանում են դեռ արդիական, սակայն վտանգավորության աստիճանով և ներկա վիճակից ելնելով զիջում են պոլիքլորացված բիֆենիլներին, որոնք ներշնչում են ավելի մեծ անհանգստություն և մտահոգվածություն, որովհետև նրանց առաջացումը բնության մեջ հայտնի է, նկատվում է նրանց քանակային աճը և տարածվածությունը, դրա հետ միասին, ոչ բոլոր դեպքերում է ենթարկվում հսկողության և կարգավորման:

 

Ապարան համայնք

Ապարան համայնքի աղբավայրը գտնվում է Ապարանի վարչական տարածքում, կենտրոնից 3-4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 5,4 հեկտար տարածք: Ապարան համայնքի բնակչության թիվը կազմում է 30000 մարդ, որոնք առաջացնում են օրական 3-5 տոննա կենցաղային թափոն: Վերոնշյալ աղբավայրում իրենց կենցաղային թափոններն են տեղադրում նաև Սարալանջ, Չքնաղ, Մուլքի, Վարդենիս, Թթու ջուր և Նիգավան համայնքները: Ապարան համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի կոմունալ ծառայության կողմից, ամենօր, մեկ Մազ աղբատար, մեկ ԿՕ Գազ 33086 Սատկո և երկու վարձու Զիլ ինքնաթափ մակնիշի տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է հավաքել 80%-ով:

 

Արմավիր համայնք

Աղբավայրը գտնվում է քաղաքից 2-4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 8 հա տարածք: Արմավիր քաղաքի բնակչության թիվը կազմում է 25000 մարդ, որոնք ամսեկան գոյացնում են 3500 մ3 կենցաղային թափոն: Համայնքի աղբահանությունը իրականացվում է Արմավիրի բարեկարգում տնտեսության կողմից, ամեն օր հաճախականությամբ իրենց պատկանող երկու Զիլ ՄՄԶ 555, երկու Տ-40 կցորդիչով, երեք ԿՕ տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ, որը հավաքագրվում է մոտ 80%-ով:

 

Գառնի համայնք

Աղբավայրը գտնվում է Գառնի համայնքի վարչական տարածքում, կենտրոնից մոտ 2 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 5000մ2 տարածք: Բացի Գառնի համայնքից աղբավայրում տեղադրվում է նաև Գեղարդ, Գողթ, Գեղադիր, Ողջաբերդ, Հացավան համայնքների կողմից առաջացված կենցաղային թափոնները: Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Ողջաբերդ, Հացավան համայնքների աղբահանությունը իրականացվում է «Գառնու աղբահանություն և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ, համայնքին պատկանող մեկ Զիլ ԿՕ և մեկ Գազ 53 ինքնաթափ տեխնիկայի օգնությամբ, իսկ Գողթ համայնքը աղբահանությունը կատարում է ինքնուրույն իրենց համայնքին պատկանող մեկ Զիլ աղբատար տեխնիկայով: Վերոնշյալ բոլոր համայնքների բնակչության թիվը մոտ 15000 մարդ է: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 150 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 60-70%-ով:

 

Գավառ համայնք

Գավառ քաղաքի աղբավայրը գտնվում է Նորատուսի վարչական տարածքում և զբաղեցնում է 2.5 հա տարածք: Աղբավայրը գործում է Խորհրդային Միության ժամանակներից, երբ կայացվել է հողհատկացման որոշումը աղբավայրի կարգավիճակի մասին: Աղբավայրը գտնվում է քաղաքից 7.5 կմ հեռավորության վրա: Գավառ քաղաքում բնակվում է 11000 մարդ, որոնք տարեկան առաջացնում են 6250 մ3 կենցաղային թափոն: Գավառ քաղաքի աղբավայրում տեղադրվում է նաև Նորատուս, Սարուղան, Գանձակ, Այրեվանք և Ախկալա համայնքների կողմից գոյացվող կենցաղային թափոնները: Գավառ քաղաքի աղբահանությունը իրականացվում է ամենօր՝ Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարքում ՀՈԱԿ-ի կողմից երեք հատուկ աղբատար և երեք ինքնաթափ Զիլ մակնիշի տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը գանձվում է 70%-ով:

 

Ջրվեժ համայնք

Աղբավայրը գտնվում է Ջրվեժ համայնքի վարչական տարածքում, կենտրոնից 4-5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հեկտար տարածք, որից օգտագործվում է 2 հեկտարը: Աղբավայրի տարածքը, համաձայն պայմանագրի, տրվել է վարձակալության Անկոլո ՍՊԸ-ին: Ջրվեժ համայնքում բնակվում է մոտ 10000 մարդ, որոնք առաջացնում են օրական 23,4մ3 կենցաղային թափոն: Նույն աղբավայրում իրենց կենցաղային թափոններն են տեղադրում Ձորաղբյուր համայնքը (3000 մարդ 9.3մ3 օրական) և Զովք համայնքը (1000 մարդ 5մ3 օրական): Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք համայնքների աղբահանությունը իրականացվում է «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից, Ջրվեժ համայնքում 2 օրը մեկ հաճախականությամբ, իսկ Ձորաղբյուր և Զովք համայնքներում 3 օրը մեկ հաճախականությամբ, մեկ ՄԿԶ հատուկ աղբատար և հինգ ԶԻԼ ինքնաթափ մակնիշի տեխնիկայի օքնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար Ջրվեժ համայնքում կազմում է 200 դրամ, իսկ Ձորաղբյուր և Զովք համայնքներում 150 դրամ, որոնք հավաքագրվում էն Ջրվեժ համայնքում 80%-ով, Ձորաղբյուր համայնքում 50%-ով, Զովք համայնքում 95%-ով:

 

Կարբի համայնք

Աղբավայրը գտնվում է Սասունիկ համայնքի վարչական տարածքում, Կարբիից 15կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 8 հեկտար տարածք: Աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է կառավարության կողմից: Աղբավայրը շահագործվում է մասնավոր ընկերության կողմից, և Կարբի համայնքի կողմից գոյացվող կենցաղային թափոնները տեղադրվում են աղբավայրում պայմանագրային հիմունքներով: Կարբի համայնքի բնակչությունը կազմում է 4700 մարդ, որոնք տարեկան առաջացնում են 8700մ3 կենցաղային թափոն: Վերոնշյալ աղբավայրում տեղադրվում է նաև Աշտարակ համայնքի և գյուղերի կողմից առաջացված կենցաղային թափոնները: Կարբի համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից, շաբաթական 2-4 անգամ, մեկ Զիլ ինքնաթափ տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը Կարբի համայնքում մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հավաքագրվում է 70-80%-ով:

 

Մարտունի համայնք

Աղբավայրի ընդանուր մակերեսը 5.5 հեկտար է բաղկացած է երկու իրար հաջորդող հողատարածքներից և երկուսն էլ ունեն իրենց հողհատկացման որոշումները կառավարության կողմից (2006թ մարտի 26-ի 135Ն և 2006թ հունվարի 19-ի 34Ն): Աղբավայրը գտնվում է քաղաքից 1.5կմ հեռավորության վրա: Մարտունի համայնքի բնակչությունը կազմում է 10000 մարդ, որոնք իրենց հերթին առաջացնում են օրական 25մ3 կենցաղային թափոն, սակայն վերոնշված աղբավայրում տեղադրվում է նաև Գետաշեն (8000 մարդ), Գեղահովիտ (4300 մարդ), Վաղաշեն (3700 մարդ) համայնքների կենցաղային թափոնները: Աղբավայրում ամեն շաբաթ կատարվում են հողածածկման աշխատանքներ համայնքի և վարձու թրթուռավոր տեխնիկայի օգնությամբ, հարկ եղած ժամանակ կատարվում են նաև հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ ՀՈԱԿ-ին պատկանող ջրցան մեքենայի օգնությամբ: Մարտունի համայնքի աղբահանությունը կատարվում է համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ի կողմից իրենց երկու ինքնաթափ Զիլ, մեկ Կամազ ԿՕ և մեկ Զիլ ԿՕ մակնիշի մեքենաներով: ՀՈԱԿ-ի կողմից սպասարկվող համայնքներում աղբահանության սակագինը մի շնչի համար 150 դրամ է, որը հաջողվում է գանձել մոտ 85%-ով:

 

Մեծամոր համայնք

Աղբավայրը գտնվում է Մեծամորից 5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 6 հա տարածք: Մեծամոր համայնքում բնակվում է 12000 մարդ, որոնք առաջացնում են ամսեկան 600մ3 կենցաղային թափոն: Մեծամոր համայնքի աղբահանությունը իրականացվում է «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, 5 օրյա հաճախականությամբ, մեկ Գազ 53 և մեկ Զիլ աղբատար տեխնիկայի օգնությամբ: Համայնքում աղբահանության սակագինը մեկ շնչի համար սահմանված է 200 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 60-70%-ով:

 

Սևան քաղաք

Աղբավայրը գտնվում է Չկալովկա համայնքի վարչական տարածքում և զբաղեցնում է 2.5 հեկտար տարածք, աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է կառավարության կողմից: Աղբավայրը գտնվում է Սևան քաղաքից 15կմ հեռավորության վրա: Սևան քաղաքում բնակվում է մոտ 25000 մարդ, որոնք օրական գոյացնում են 15տ կենցաղային թափոն: Մեզ հայտնեցին, որ վերոնշյալ աղբավայրում տեղադրվում է նաև Ծաղկունք, Դդմաշեն, Չկալովկա, Լճաշեն, Գեղամավան և Վարսեր համայնքների կողմից առաջացված կենցաղային թափոնները: Սևան քաղաքի աղբահանությունը իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ երեք Գազ 53 և երկու Զիլ մակնիշի տեխնիկայի օգնությամբ: Սևան քաղաքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է հավաքել 60-70%-ով:

 

Շենավան համայնք

Համայնքի տարածքում գտնվող աղբավայրը այս պահին չունի հողհատկացման որոշում: Աղբավայրը գտնվում է համայնքից 1-1.5կմ հեռավորության վրա և զբաղեցնում է մոտ 8000մ2 տարածք: Շենավան համայնքում բնակվում է 2000 մարդ, որոնց կողմից գոյացված կենցաղային թափոնների ծավալների վերաբերյալ տեղեկություններ չկան: Վերոնշյալ աղբավայրում իրենց կենցաղային թափոններն են տեղադրում նաև Եղիպատրուշ, Քուչակ, Ջրամբար, Ծաղկաշեն, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքները, որոնց բնակչության թիվը կազմում է 12.500 մարդ: Շենավան համայնքի աղբահանությունը իրականացվում է «Արագածի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից, շաբաթը 2 անգամ հաճախականությամբ, երկու Զիլ ինքնաթափ, մեկ Գազ 53 և մեկ Սատկո ԿՕ տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է հավաքագրել մոտ 25%-ով:

 

Վարդենիս համայնք

Վարդենիս քաղաքում բնակվում է 16240 մարդ, որոնք տարեկան առաջացնում են 750-1000 տոննա կենցաղային թափոն: Վարդենիս քաղաքի աղբահանությունը իրականացվում է «Վարդենիս քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ»-ի կողմից, ամեն օրյա հաճախականությամբ մեկ կցորդիչի, մեկ կամազ մակնիշի և երկու Գազ մակնիշի տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ ընտանիքի համար կազմում է 400 դրամ, որը հաջողվում է գանձել 30-40%-ով: Տվյալ աղբավայրում Վարդենիս քաղաքից բացի իրենց կենցաղային թափոններն են տեղադրում նաև Գեղամասար, Ակունք, Մասրիկ, և Նորակերտ համայնքները: Վարդենիս քաղաքի աղբավայրը գտնվում է կենտրոնից 4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 15 հեկտար տարածք: Աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է 2006 թվականին Կառավարության կողմից: